Մի շարք դերասաններ “Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ” ամանորյա ֆիլմում
Հանրային հեռուստաընկերությունը Ամանորի գիշերը կներկայացնի “Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ” հեռուստաֆիլմը, որի նկարահանումները տեղի են ունեցել Ծաղկաձորում ու Երեւանում` տեւելով մեկ ու կես ամիս:Ամանորյա ֆիլմում նկարահանվել են Նարինե Դովլաթյանը, Վարշամ Գեւորգյանը, Աննա Հարությունյանը, Անի Երանյանը, Արմինե Պողոսյանը, էպիզոդիկ դերերով նկարահանվել են նաեւ Արթուր Կարապետյանը, Լեւոն Հարությունյանը, Ալեքսանդր Բաբասյանը եւ այլք: Նոր տարվա ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը պատմել է, որ այս հեռուստաֆիլմը ստեղծելու գաղափարը Հ1 տնօրինությանն է.“Առաջարկը ստանալուց հետո միասին որոշեցինք` ինչ ենք անելու, ինչի մասին է լինելու այն: 2013 թվականի եթերաշրջանը բացվելու է այս ֆիլմով: Սյուժեի մանրամասները ավելի լավ է չբացահայտենք. դիտողները կհասկանան` ինչ կապ ունի Ծաղկաձորը Չիկագոյի հետ: Մեծ մասը նկարել ենք Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում` գիշերվանից մինչեւ լուսաբաց: Առավոտյան քնում էինք, երեկոյան նորից նկարահանում: Հուսով եմ` մեր չարչարանքի արդյունքը մարդկանց կգոհացնի”:
Սցենարի հեղինակներն են Հասմիկ Մանգասարյանը, Դիանա Մարդանյանը, Արսեն Սարգսյանը եւ Նորայր Օհանյանը, իսկ պրոդյուսերը եւ բեմադրող օպերատորն Արթուր Ապրեսովն է: “Շատ ծիծաղելի դրվագներ կան, բայց որպես ռեժիսոր շեշտը դրել եմ կերպարների վրա, որոնք դիտողի համար անսպասելի ու հետաքրքիր կլինեն. մեր դերասաններին այս կերպարներով դեռ չեն տեսել, օրինակ` Աննա Հարությունյանը լիովին կերպարանափոխված է ոչ միայն արտաքնապես, այլեւ` խաղով ու տեսակով: Ինչքան էլ կոմեդիա լինի, այն ունի իր ասելիքը` ընկերության, սիրո, համերաշխության մասին է, այսինքն` ընկերուհիների գլխով տարբեր բաներ կարող են անցնել, վատ իրավիճակներ լինել, բայց վերջում բարին հաղթում է”, - նշել է Ելենա Արշակյանը:Ֆիլմի երաժշտական ձեւավորումն արել է Նիկ Էգիբյանը: Նա նաեւ սաունդթրեք է գրել, որը երգում է Նարինե Դովլաթյանը: Երգչուհին պատասխանատվությամբ է ընդունել ամանորյա ֆիլմում նկարահանվելու առաջարկը, ինչպես ինքն է նշել, դեռ մանկուց խաղալու ցանկությունը մեծ է եղել, նույնիսկ մտածել է Թատերական ինստիտուտ ընդունվելու մասին, թեեւ գիտակցել է, որ երգն է իրենը. “Փոքր տարիքում թատերական ստուդիա էի հաճախում, մանկական հաղորդումներ էի վարում ու փոքր դերեր խաղում”, -մեզ հետ զրույցում հիշել է Նարինեն ու հավելել` առաջարկն ընդունելուց հետո իր համար ամեն ինչ անսպասելի է եղել. “Ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում, ինձ համար ամեն ինչ նորություն էր: Շատ բաներ սովորեցի նկարահանումների ժամանակ, նաեւ փորձ ձեռք բերեցի տարբեր մարդկանց հետ շփման հարցում”:
Ըստ սցենարի` Նարինեն չորս ընկերուհիներից ամենադրականն է, բայց իր մարմնավորած Մարիի կերպարն այնքան էլ դրական չի համարում. “Աղջիկն այնպիսի քայլեր է անում, որ ես չեմ ընդունում ու չէի անի”:Անի Երանյանի հերոսուհու անունը Սրբուհի է, նա ընկերուհիներից ամենաթիթիզն է, շնիկով գլամուրային աղջիկ է:). ““Բլանձինկա” կերպարիս վրա շատ եմ աշխատել, նույնիսկ ռեժիսորի հետ հաճախ սրճարաններ էինք գնում, ուսումնասիրում էի գլամուրային աղջիկներին, որ կարողանամ այդ դերի մեջ մտնել: Իմ կերպարը միեւնույն ժամանակ շփվում է երեք տղամարդու հետ, բայց երեքի անունն էլ չի հիշում: Նրա փոքրիկ “չարագործությունները” վերջում լավ ավարտ են ունենում, բայց աղջիկը նորից իր կերպարում է մնում”:
“Դերասաններից յուրաքանչյուրի համար այս ֆիլմը նոր քայլ էր, քանի որ ոչ մեկս այսպիսի կերպարներում չէինք եղել: Նկարահանման ընթացքում շատ էի վախենում, ուղղակի չէի պատկերացնում` վերջում ինչ կստացվի: Նարինեն մեզ հետ առաջին անգամ էր աշխատում, փորձում էինք օգնել, որ նոր միջավայրում դեր ստանձնելն իր համար հեշտ լինի”,-հավելել է Անի Երանյանը:Աննա Հարությունյանի կերպարը մյուս ընկերուհիներից տարբերվում է արտաքին տվյալներով, որն, ըստ դերասանուհու, ե՛ւ հեշտացնում, ե՛ւ բարդացնում է դերը. “Սկզբում կասկածում էինք` արդյոք կկարողանամ այս կերպարում ճիշտ ներկայանալ… Կերպարս խաղացել եմ` երբեք չմտածելով, որ նա տգեղ է, թեեւ նրա արտաքին տվյալները գրոտեսկային են, իսկ ինձ հարկավոր էր իրական մարդու կերպար ստանալ ու ցույց տալ նրա կենդանի օրգանիզմ լինելը: Այս կերպարն ամբողջովին տրագիկոմեդիկ է, որքան էլ ծիծաղելի է, այնքան էլ` դժբախտ”:
՝ bravo.
Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝