Գայանե Ասլամազյանը հնարավոր է` հեռանա Հայաստանից
«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» հաղորդաշարի վարող, «Եզրագծից այն կողմ» սերիալի դերասանուհի Գայանե Ասլամազյանը բնակարանային խարդախությունների կրկնակի զոհ է:
Դեռեւս 5 տարի առաջ նա Ամիրյան-Զաքյան խաչմերուկում կառուցվող շենքում գնել է բնակելի տարածք, սակայն մինչ օրս չի ստացել այն: Բնակելի տարածքը գնելուց հետո այն անձը, ում հետ պայմանագիր էր կնքել, ավտովթարի արդյունքում մահացել էր: Հետագայում, ինչպես նման դեպքերում է արվում, ամեն ինչ սառեցվում է, մինչեւ պատասխանատու անձինք ի հայտ գան:Արդյունքում, երկար տարիների լռությունից հետո, դերասանուհին ոչ իր բնակարանն է ստացել, ոչ էլ վճարած գումարը, եւ նույնիսկ չի կարողանում դիմել դատարան, քանի որ չգիտի, թե ում դատի, տարիներ շարունակ փնտրում է պատասխանատուներին եւ չի կարողանում գտնել:
Հասկանալով, որ այդտեղից չի կարողանում բնակարան ստանալ, շատ արագ Աջափնյակում նոր կառուցվող շենքում որոշում է գնել բնակարան, մինչեւ մյուսի հարցերը լուծվեն: Այս դեպքում պարզվում է, որ իր գնած բնակարանը ունի այլ սեփականատեր, եւ եթե ինքը վճարել է գումարի մի մասը ու ունի նախնական պայմանագիր, ապա մյուս սեփականատերը վճարել է ամբողջ գումարը եւ ունի սեփականության վկայական: «Ստացվում է, որ երկու բնակարաններն էլ սխալ շենքում եմ գնել, որովհետեւ մինչ օրս ոչ մեկը, ոչ մյուսը չեմ կարողանում ստանալ»,- ասաց նա: Գայանե Ասլամազյանի խոսքով` սփոփիչը այն է, որ Աջափնյակի շենքի հետ կապված քրեական գործ կա հարուցված, ինքն էլ հարուցված քրգործին զուգահեռ քաղհայցով դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով:
Դերասանուհին չհիշեց այն ընկերությունների անունները, որոնք այդ շենքերի սեփականատերերն են: Չցանկացավ նշել նաեւ, թե ինչքան գումար է վճարել, այդ երկու բնակարանների համար` նշելով, որ բավականին մեծ գումար է կորցրել: Գայանե Ասլամազյանը նշեց, որ իր պես խաբվածները շատ են` շարքային քաղաքացիներից մինչեւ իր շրջապատի մարդիկ, հայտնի անձինք: Նա սպասում է այդ երկու բնակարաններից մեկի հանգուցալուծմանը, որ հասկանա, թե ինչ է անում, նոր բնակարան չի պատրաստվում գնել, աչքն արդեն վախեցել է: «Մեր երկիրը մեզ հնարավորություն չի տալիս այնքան գումար վաստակելու, որ ես աջ ու ձախ բնակարաններ առնեմ եւ նվիրեմ մարդկանց, իրենք շատ հանգիստ վերցնում են մեր քրտինքով վաստակած գումարները, վայելում են: Սարսափելի հիասթափված եմ մեր երկրի առկա մոտեցումներից, պարզապես չկա մի տեղ, որտեղ կարող ես դիմել եւ պատասխանատու մարդիկ այդ ամեն ինչի համար պատասխան տան: Դրա համար մտածում եմ` ինչ տարբերություն, տուն չկա, մեկ է` օտար երկրում ավելի հեշտ կկարողանամ կազմակերպվել, դրա համար»,- ասաց նա` շեշտելով, որ շատ հնարավոր է մի օր հեռանա Հայաստանից:
Հարցին, թե ինչի մնացած խաբված քաղաքացիների հետ չեք մասնակցում բողոքի ակցիաների, որոնք անց են կացվում նախագահական նստավայրի, ՀՀԿ շենքի առաջ, նա պատասխանեց. «Ո՞նց եք ինձ պատկերացնում բողոքի ակցիայում, ես քաղաքացի եմ, ով իր հարցերը փորձել է լուծել դատական կարգով, ես ֆիզիկապես էլ ժամանակ չունեմ նման բաների»:
Նշենք, որ «Ժողովուրդը գրել էր, թե «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը հայտնի դարձավ այն օրերից, երբ պարզվեց, որ մի շարք մարդիկ բնակարաններ են գնել տարբեր նորակառույց շենքերում, սակայն ամիսներ անց բացահայտվել է, որ նույն բնակարանը վաճառված է եւս մի քանի հոգու: ««Ժողովուրդ»-ը պարզեց, որ Աջափնյակ վարչական շրջանում մի բնակարան էլ գնել է հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ու հետագայում իմացել, որ այն այլ սեփականատերեր էլ ունի: Այժմ հարուցված քրգործին զուգահեռ Գայանեն քաղհայցով դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007»-ը 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է բնակարանների նախնական եւ նախավճարի պայմանագրեր, գանձել 1 մլրդ 843 մլն 379 հազար 449 դրամ գումար եւ հափշտակել: Այս պատմության մեջ շրջանառվում էր նաեւ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնու անունը»,- գրում է «Ժողովուրդը»
`
Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝