Ի՞նչ է արել Ջիվան Գասպարյանը Ստալինի նվիրած անվանական ժամացույցը
Հայկական դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տարիներ առաջ Ստալինից որպես նվեր անվանական ժամացույց է ստացել, որը փոխանակել է գարեջրի չորս բաժակի եւ կարկանդակների հետ: Այս մասին երաժիշտը պատմել է իր վերջերս տված հարցազրույցում:
«Այն ժամանակ ես փոքր էի, 19 տարեկան: 1947 թ. մասնակցում էի գեղարվեստական ինքնագործունեության աշխատանքային ռեզերվների անսամբլում: Մեզ կանչեցին Մոսկվա, այնտեղ մենք նվագեցինք Կրեմլում, իսկ ես նաեւ մենակատար էի: Ասացին, որ Ստալինը ինձ կանչում է առանձնասենյակ եւ հանձնեցին կարմիր տուփ՝ Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ: Մենք այն ժամանակ ջահել էինք, այդ ամենը պատերազմից հետո էր: Տղաներն ինձ ասացին. «Ջիվան, ինչիդ է պետք ժամացույցը, արի փոխանակենք» եւ մենք փոխանակեցինք այն գարեջրի մի քանի բաժակի ու կարկանդակների հետ: Այն ժամանակ ես չէի հասկանում, ինչ եմ արել, չէի հասկանում այդ իրի արժեքը: Իսկ երբ մեծացա, վախենում էի ընդհանրապես այդ մասին պատմել: Հայտնի չէր, թե դա ինչպես կընկալվեր…» - պատմել է Գասպարյանը:
Դուդուկահարը միաժամանակ եւ Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացի է, ապրում է հարազատ Երեւանում: Հարցին՝ արդյոք ինքն իրեն կոսմոպոլիտ չի՞ համարում, վարպետը պատասխանել է. «Հայրս հայ է, մայրս հայ է, ես ինչպե՞ս կարող է նեգր լինել: Ես ունեմ երկու քաղաքացիություն եւ կարող եմ ապրել այնտեղ, որտեղ ուզում եմ»:
Նրա խոսքով, ինքն աշխարհին պատմել է Հայաստանի «մութ» տարիների մասին: «Ես գնացել եմ Ամերիկա, երբ Հայաստանում շատ վատ էր: Մենք չունեինք ոչ լույս, ոչ ջուր: Ահավոր էր»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է ապագա պլաններին, երաժիշտը նշել է, որ համերգներից բացի, նաեւ ֆիլմերի համար է երաժշտություն ձայնագրում: «Այժմ ռուսական ֆիլմերի համար առաջարկություններ չկան, իսկ Ամերիկայում կան: Ֆիլմը կոչվում է «Աշխարհի վերջը»: Արդեն երեք տարի նկարահանում են: Մեծ փողեր են ծախսել: Այնտեղ զբաղված են ամենալավ եւ թանկ դերասանները», - նշել է Ջիվան Գասպարյանը:
`
Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝